ՆԱՏՕ-ի հետ սպառազինությունների վերահսկման ոլորտում որևէ պայմանավորվածություն հնարավոր չէ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն ավարտին է հասցրել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից դուրս գալու գործընթացը՝ ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչությունը մեղադրել է ՆԱՏՕ-ին հակառուսական քաղաքականություն վարելու, Ուկրաինայում հակամարտություն հրահրելու, դաշինքին Ֆինլանդիայի անդամակցությունը հաստատելու և Շվեդիայի եվրատլանտյան ինտեգրումը խրախուսելու համար: Նշվում է, որ այս փուլում ՆԱՏՕ-ի հետ սպառազինությունների վերահսկման ոլորտում որևէ պայմանավորվածություն հնարավոր չէ։

Հյուսիսատլանտյան դաշինքն արձագանքել է Մոսկվայի որոշմանը: Ի պատասխան՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները մտադիր են դադարեցնել մասնակցությունը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրին: «Չնայած պայմանագիրը Եվրատլանտյան անվտանգության ճարտարապետության հիմնաքարն է, դաշնակից պետությունները չեն կարող հետևել փաստաթղթի դրույթներին, երբ Ռուսաստանը դա չի անում»,- ասված է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ:

Կառույցը նաև դատապարտել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, որը հակասում է պայմանագրի տրամաբանությանը։