Պյոտր Սարուխանովն անհատական ցուցահանդես ունեցավ

Նոյեմբերի 9-ին Վրաստանի արվեստի պալատ — մշակույթի պատմության թանգարանում տեղի ունեցավ վիրահայ գեղանկարիչ Պյոտր Սարուխանովի անհատական ցուցադրության բացման արարողությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Վրաստանի արվեստի պալատի ջանքերով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Ցուցադրությունն անցնում է «Իմ սիրելի քաղաքը» խորագրի ներքո, արվեստի սիրահարներին են ներկայացված վարպետի մի շարք գործերայդ թվում նվիրված վերջինիս ծննդավայրին Թբիլիսիին։
Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Վրաստանի արտաքին գործերի և մշակույթի նախարարությունների պաշտոնյաներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, վրաց մշակութային և հասարակական գործիչներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես եկան թանգարանի տնօրեն Գիորգի Կալանդիան, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, նկարիչ Պյոտր Սարուխանովը։ Իր խոսքում Վրաստանում ՀՀ դեսպանն ընդգծեց մշակույթի բացառիկ դերը ժողովուրդների մերձեցման գործում։
Ցուցադրությունը Վրաստանի արվեստի պալատում շարունակվելու է մինչև նոյեմբերի 17-ը։

Աղբյուրը՝ Վրաստանում Հայաստանի դեսպանություն։