Իսրայելը ընդլայնում է ցամաքային հարձակումը Գազայի հատվածում

Իսրայելի զինուժը ցամաքային հարձակումը տարածել է Գազայի բոլոր շրջաններում։ Իսրայելցի զինվորականները հրամայել են լրացուցիչ տարհանում իրականացնել մարդաշատ հարավում՝ ընդգծելով, որ ՀԱՄԱՍ-ի դեմ գործողությունները ոչ պակաս կործանարար կլինեն, քան հյուսիսում:

Ըստ Human Rights Watch-ի՝ Իսրայելը Գազայի հատվածի բնակիչներին առաջարկել է տարհանվել՝ առանց անվտանգության երաշխիքներ տրամադրելու: Պատերազմի առաջին օրերին Իսրայելը կոչ է արել խաղաղ բնակիչներին հեռանալ տարածաշրջանի հյուսիսից և Գազայի ավելի քան երկու միլիոն բնակչության մեծ մասն այժմ հարավում է:

Միջազգային հանրությունը շարունակում է ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ պահանջելով պաշտպանել խաղաղ բնակիչներին: Զինվորականները, սակայն, պնդում են, որ իրենց ինքնաթիռները հարվածներ են հասցնում միայն ՀԱՄԱՍ-ի թիրախներին, այդ թվում՝ հրամանատարական կենտրոններին և զենքի պահեստներին:

Սպասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Շպոլյարիչ-Էգերի այցը Եգիպտոս, որտեղից նա մտադիր է գնալ Գազայի հատված։ Այցի նպատակն է բանակցել ՀԱՄԱՍ-ի ղեկավարության հետ՝ իսրայելցի պատանդներին այցելելու և նրանց դեղորայքով ապահովելու համար։