Ադրբեջանը և ԵՄ-ն կթարմացնեն էներգետիկ գործընկերության ճանապարհային քարտեզը. Փարվիզ Շահբազով


Ադրբեջանն ու ԵՄ-ն կթարմացնեն ռազմավարական էներգետիկ գործընկերության փաստաթղթի իրականացման ճանապարհային քարտեզը։

X սոցիալական ցանցի իր էջում Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը գրել է.

«ԱՄԷ-ում ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Կադրի Սիմսոնի հետ հանդիպման ժամանակ արդյունավետ քննարկումներ ունեցանք Հարավային գազային միջանցքի և «Կանաչ» էներգիայի միջանցքի, մեր էներգետիկ երկխոսության մյուս առաջնահերթությունների վերաբերյալ։ Պայմանավորվեցինք թարմացնել «Ադրբեջան-ԵՄ ռազմավարական էներգետիկ գործընկերություն» փաստաթղթի իրականացման ճանապարհային քարտեզը»,- գրել է նախարարը։

ԵՄ հանձնակատար Կադրի Սիմսոնը նույնպես գրառում է կատարել սոցիալական ցանցերում։

«Մեր հանդիպումը նվիրված էր էներգետիկ անվտանգությանը և վերականգնվող էներգիայի ոլորտում համագործակցությանը: Ուրախալի էր լսել այս ոլորտում վերջին զարգացումների մասին»,- ասվում է գրառման մեջ: