ԱՄՆ-ը Հարավային Կովկասն օգտագործում է որպես Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու հարթակ. Գալուզին

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РИА Новости-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասին: Նա հերթական անգամ մեղադրել է Վաշինգտոնին՝ տարածաշրջանը որպես Մոսկվայի դեմ «երկրորդ ճակատ» բացելու հարթակ օգտագործելու համար:

Նա պնդել է, թե ամերիկյան կողմն այդ մտադրությունը նույնիսկ չի էլ թաքցնում: «Դա արմատապես հակասում է տարածաշրջանի ժողովուրդների իրական շահերին»,- կարծիք է հայտնել Գալուզինը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանը Արևմուտքի թելադրանքով վերակողմնորոշում է իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Նա համոզմունք էր հայտնել, որ ԱՄՆ-ի և Եվրամիության նպատակը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է: