Պուտինը ՌԴ քաղաքացիություն կշնորհի ռուսական բանակում ծառայության պայմանագիր կնքած օտարերկրացիներին

Օտարերկրացիները, որոնք մինչև Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտը պայմանագիր են կնքել ռուսական բանակում ծառայության համար, կկարողանան պարզեցված ռեժիմով ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Փաստաթղթի համաձայն՝ պարզեցված ռեժիմով Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու մասին դիմումով կարող են դիմել՝ օտարերկրացիները, որոնք ռազմական գործողության ընթացքում զինվորական ծառայություն են անցնում Ռուսաստանի Զինված ուժերում կամ այլ զինվորական կազմավորումներում, ինչպես նաև օտարերկրացիները, որոնք ռազմական գործողության ժամանակ պայմանագրեր են կնքել նման ծառայություն անցնելու համար:

Բացի այդ, Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք ծնվել են մինչև 2014 թվականի մարտի 18-ը և մշտապես բնակվել են Ղրիմում կամ Սևաստոպոլում, նույնպես իրավունք կստանան դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար: