Ճապոնիան 37 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ԱԹՍ-ների հայտնաբերման համակարգեր գնելու համար

Ճապոնիան 37 միլիոն դոլար կներդնի ՆԱՏՕ-ի հավատարմագրային հիմնադրամին՝ Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման համակարգեր գնելու համար, ասել է Ճապոնիայի արտգործնախարար Յոկո Կամիկավան։

Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարը դատապարտել է ամանորյա տոների ժամանակ ռուսական զորքերի կողմից ուկրաինական քաղաքների, այդ թվում՝ Կիևի վրա շարունակվող հարձակումները։ Նա հավաստիացրել է, որ Ճապոնիան կշարունակի աջակցել Ուկրաինային։

Կամիկավան հայտնել է, որ Տոկիոն Կիևին է փոխանցել նաև հինգ շարժական գազատուրբինային գեներատոր և յոթ տրանսֆորմատոր՝ օգնելու երկրին հաղթահարել ձմեռային շրջանը։

Ճապոնիայի արտգործնախարարը Կիև է ժամանել հունվարի 7-ին և այցի ընթացքում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ, այցելել Բուչա և Իրպեն։