Վաշինգտոնը ցանկանում է ընդլայնել իր ներկայությունը Կարմիր ծովում. Աբդոլլահիան

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի ու ՌԴ արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Սերգեյ Լավրովը։ Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում՝ Գազայում պատերազմին, Կարմիր ծովում իրադրությանն առնչվող հարցեր։

Աբդոլլահիանը դատապարտել է Կարմիր ծովի անվտանգությունն ապահովելու պատրվակով Եմենի դեմ բանաձև ընդունելու ԱՄՆ ջանքերն ու ընդգծել, որ դա տարածաշրջանում և Կարմիր ծովում ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնման հիմքեր է ստեղծելու։ Իրանցի նախարարը նաև շեշտել է Գազայում պատերազմի դադարեցման անհրաժեշտությունը։

ՌԴ արտգործնախարար Լավրովը ցավակցություն է հայտնել Քերմանի ահաբեկչության կապակցությամբ և ընդունել է Կարմիր ծովի տարածաշրջանում ԱՄՆ ներկայության ընդլայնման և Գազայում պատերազմի դադարեցման վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումները: Կողմերը մտքեր են փոխանակել Իրան-ՌԴ երկարաժամկետ համագործակցության պայմանագրին, Ռաշտ-Աստարա երկաթուղու կառուցմանը, Բելառուսի, Ռուսաստանի տարածքով իրանական բեռնատարների երթևեկության դյուրացմանն առնչվող հարցերի վերաբերյալ։