Իսրայելը մտադիր չէ մշտապես օկուպացնել Գազայի հատվածը. Նեթանյահու

Իսրայելը մտադիր չէ մշտական հիմունքներով օկուպացնել Գազայի հատվածը կամ տեղահանել պաղեստինցի բնակչությանը՝ հայտարարել է Իսրայելի վարչապետը:

Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ ռազմական գործողությունների նպատակը բացառապես ՀԱՄԱՍ շարժման ոչնչացումը և գերիների ազատ արձակումն է: Նա հավելել է, որ Իսրայելը գործում է միջազգային իրավունքին համապատասխան: Նեթանյահուն մեղադրել է ՀԱՄԱՍ-ին՝ խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու համար:

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ՑԱՀԱԼ բախումների, Իսրայել-Լիբանան սահմանին լարվածության ֆոնին ԱՄՆ պետքարտուղարը մեկնել է Եգիպտոս՝ տեղի իշխանության հետ քննարկելու հակամարտության կարգավորման հեռանկարը: Էնթոնի Բլինքենը նշել է՝ կարևոր է թույլ չտալ, որ լարվածությունն ավելի սրվի նաև Հորդանան գետի Արևմտյան ափին:

Նա նաև կարծիք է հայտնել, որ Մերձավոր Արևելքի երկրների հետ Իսրայելի գործակցությունը և պաղեստինյան պետության ստեղծման ուղղությամբ գործադրվող ջանքերը լավագույն միջոցն են՝ մեկուսացնելու Իրանին: