Ֆրանսիայում նշանակվել են նոր նախարարներ

«Ինձ անհրաժեշտ է գործողություն, գործողություն, գործողություն» և «արդյունքներ, արդյունքներ, արդյունքներ», նախարարների ցուցակի հրապարակումից րոպեներ անց ասել է Ֆրանսիայի նորընտիր վարչապետ Գաբրիել Ատալը:

Ելիսեյան պալատում հրապարակվել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը՝ Գաբրիել Ատալի գլխավորությամբ։ Նախարարների կաբինետում 14 նախարար է, իրենց պաշտոնները պահպանել են արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետին, ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը և էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը: 

Արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում Կատրին Կոլոննային կփոխարինի Ստեֆան Սեժուռնեն՝ Մակրոնի ամենամոտ համախոհներից մեկը, նախագահական «Վերածնունդ» կուսակցության առաջնորդն ու Եվրախորհրդարանի կենտրոնամետ խմբակցության նախագահը։

Գլխավոր անակնկալը եղել է մշակույթի նախարարի պաշտոնում ֆրանսիական աջերի գործիչ Ռաշիդա Դատիի նշանակումը։ Նիկոլա Սարկոզիի նախկին զինակիցը, որին ժամանակին վստահել էին արդարադատության նախարարությունը, Փարիզի էլիտար VII շրջանի քաղաքապետն է, Փարիզի քաղաքային խորհրդում ընդդիմության առաջնորդը:

Նշանակումից հետո Դատիին անմիջապես հեռացրել են աջակողմյան Հանրապետական ​​կուսակցությունից, որի առաջնորդ Էրիկ Սկիոտտիի խոսքով՝ ընդդիմության ներկայացուցիչը չի կարող լինել Մակրոնի ​կառավարության անդամը։

Մակրոնի և Ատալի քաղաքական փիլիսոփայությունն է՝ գրավել քաղաքական գործիչներին և՛ աջ, և՛ ձախ կողմերից, թեև վերջին տարիներին կառավարությունում ձախ հայացքներ ունեցող՝ Մակրոնի համախոհներ գրեթե չեն մնացել, սակայն նրանք դեռ կան խորհրդարանականների շրջանում:

Կառավարությանը միացել է նաև Կատրին Վոտրինը՝ համատեղելով առողջապահության և աշխատանքի նախարարների պորտֆելները։