Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություններն ինքնապաշտպանական բնույթ են կրում. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը Եմենի շուրջ վերջին զարգացումների հարցով Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել հութիներին այն բանից հետո, երբ սպառել է Կարմիր ծովում նավագնացությանը սպառնացող վտանգները հաղթահարելու ոչ ռազմական տարբերակները:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի գործողություններն ինքնապաշտպանական բնույթ են կրում: Եգիպտոսի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել՝ Կարմիր ծովի հարավում վտանգավոր զարգացումները վկայում են, որ տարածաշրջանում հակամարտությունը կարող է ընդլայնվել:

Գազայի հատվածում սրվող էսկալացիայի ֆոնին՝ երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հարվածել են Եմենի Անսար Ալլահ շարժման թիրախներին՝ խոցելով հութիներին պատկանող հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և ռադիոտեղորոշիչ կայանների տեղակայման վայրերը։ Հարվածներն իրականացվել են Ավստրալիայի, Բահրեյնի, Կանադայի և Նիդերլանդների աջակցությամբ։

Հութիների ղեկավարությունը նախազգուշացրել է՝ ի պատասխան կթիրախավորեն տարածաշրջանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բազաները և կշարունակեն Կարմիր ծովում Իսրայելի հետ կապ ունեցող նավերի վրա հարձակումները: Reuters-ի տվյալով՝ առևտրային նավերի վրա հութիների հարձակումները լրջորեն խաթարել են միջազգային առևտուրը: