Ադրբեջանում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Ադրբեջանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրության քարոզարշավը: «Հանրապետության ընտրական օրենսդրության համաձայն՝ նախընտրական քարոզարշավը սկսվում է քվեարկության օրվանից 23 օր առաջ, որը նշանակված է փետրվարի 7-ին, այսինքն՝ հունվարի 15-ին, և ավարտվում է ընտրություններից մեկ օր առաջ»,-հաղորդում է երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Նախագահի պաշտոնի համար պայքարելու է յոթ թեկնածու։ Նրանց թվում են գործող նախագահ Իլհամ Ալիևը, որի թեկնածությունն առաջադրել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը, հանրապետության Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավորներ Զահիդ Օրուջը՝ ինքնառաջադրված, Ռազի Նուրուլլաևը՝ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, Գուդրաթ Հասանգուլիևը՝ «Ադրբեջանի միացյալ ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ, Ֆազիլ Մուստաֆան՝ «Մեծ արարում» կուսակցության նախագահ, ինչպես նաև «Մեծ Ադրբեջան» կուսակցության առաջնորդ Էլշադ Մուսաևը և ինքնառաջադրված Ֆուադ Ալիևը։

Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը բոյկոտել են ընտրությունը՝ պնդելով, որ դրա արդյունքներն արդեն որոշված են: Իրավապաշտպաններն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ առաջադրված թեկնածուներն ուղղակի կամ անուղղակի կապեր ունեն իշխանությունների հետ, իսկ նրանց մեծ թիվը մրցակցային ընտրությունների պատրանք ստեղծելու նպատակ ունի։