Հնդկաստանի արտգործնախարարն Իրանում քննարկել է իրավիճակը Կովկասում, Մերձավոր Արևելքում և Չաբահար նավահանգստի զարգացման հեռանկարները


Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ժամանել է Թեհրան և առանձին հանդիպումներ է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի հետ։

Իրանի և Հնդկաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Աբդոլլահիանը հայտնել է, որ հանդիպման ընթացքում խոսել են երկու երկրի տնտեսական համագործակցության, ռազմավարական կապերի, Չաբահար նավահանգստի զարգացման, հյուսիս-հարավ տարանցիկ ճանապարհի և երկու ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման մասին, ինչպես նաև ընդգծել է երկկողմ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: Խոսելով Եմենում ռազմական նոր էսկալացիայի և Գազայի հատվածում պատերազմի մասին՝ Աբդոլլահիանը նշել է, որ թե՛ Իրանը և թե՛ Հնդկաստանը կարևորում են պատերազմի տարածումը կանխելու անհրաժեշտությունը։ 

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտնել է, որ հանդիպմանը քննարկել են երկու երկրի միջև ձեռք բերված նախագծերի և պայմանավորվածությունների առաջընթացն ու ընդգծել հարաբերությունների ընդլայնման համար առկա խոչընդոտների վերացումը՝ հավելելով, որ Հնդկաստանն ու Իրանը մտահոգված են տարածաշրջանում պատերազմի տարածմամբ։ Հնդկաստանի ԱԳ նախարարը նշել է, որ քննարկել են նաև զարգացումները Կովկասում և Ուկրաինայում։ Նա հայտնել է, որ պատրաստվում է հանդիպել նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի հետ հանդիպման ընթացքում կողմերի միջև վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Չաբահար նավահանգստի զարգացման վերաբերյալ։ Բազրփաշն առաջարկել է ստեղծել տրանսպորտային համատեղ հանձնաժողով՝ երկու կողմերի միջև համագործակցությունն ընդլայնելու նպատակով։ Հնդկաստանի արտգործնախարարն ընդգծել է իր երկրի պատրաստակամությունը՝ նոր ներդրումներ կատարել Իրանում տրանսպորտի և տարանցման ոլորտում։