Պահապանների կորպուսը ստանձնել է Էրբիլ քաղաքում հրթիռային հարվածների պատասխանատվությունը

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է իրաքյան Էրբիլ քաղաքի ուղղությամբ հրթիռային հարվածների համար պատասխանատվությունը, ոչնչացրել հակաիրանական ահաբեկչական խմբավորումների բազաներ: Կորպուսը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով.

«Ի պատասխան Իրանի թշնամիների վերջին ահաբեկչական ակտերի` Մերձավոր Արևելքի որոշ հատվածներում թշնամական շտաբները հարվածների են ենթարկվել պահապանների կորպուսի կողմից մի քանի բալլիստիկ հրթիռի կիրառմամբ»: 

Reuters-ը հաղորդում է, որ պայթյունները լսվել են Էրբիլից մոտ 40 կմ հեռավորության վրա. թիրախավորված շրջանում է գտնվում նաև ԱՄՆ հյուպատոսությունը և բնակելի թաղամասեր: ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ ամերիկյան օբյեկտները հրթիռակոծության հետևանքով չեն տուժել:

Գործակալության տվյալներով` սպանվածների թվում է քուրդ հայտնի գործարար, միլիոնատեր Փեշրավ Դիզային և նրա ընտանիքի որոշ անդամներ: Նրա տան վրա է ընկել առնվազն մեկ հրթիռ: Մեկ այլ հրթիռ ընկել է քրդական հետախուզության բարձրաստիճան սպայի տան վրա, ևս մեկը` քրդական հետախուզական կենտրոնի վրա: