Ֆրանսիան Ուկրաինայի հետ անվտանգության երաշխիքների մասին պայմանագիր կկնքի. Մակրոն

Գերմանիայից բացի՝ Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու պատրաստակամություն են հայտնել Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:

Փարիզը Կիևի հետ երկկողմ պայմանագիր կկնքի, որը նախատեսում է Ուկրաինային օգնություն տրամադրել այդ երկրի վրա նոր հարձակման դեպքում։ Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա հավելել է, որ փետրվարին կժամանի Ուկրաինա, որպեսզի վերջնականապես համաձայնեցնի այդ համաձայնագրի մանրամասները, հայտնում է DW-ն:

Մակրոնը նաև հայտարարել է Կիևին սպառազինության նոր մատակարարումների մասին։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ արդեն առաջիկա շաբաթներին Ուկրաինա կուղարկվեն 40 SCALP հեռահար հրթիռ և մի քանի հարյուր ռումբ:

Առաջին երկիրը, որն Ուկրաինայի հետ ստորագրել է անվտանգության մասին երկկողմ համաձայնագիր, Մեծ Բրիտանիան է։ Դա տեղի է ունեցել հունվարի 12-ին՝ Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակի՝ Կիև կատարած այցի ընթացքում, համաձայնագիրը գործելու է մինչև Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Սունակը հայտարարել է, որ, բացի այդ, 2024 թվականին Մեծ Բրիտանիան ռազմական օգնությունն Ուկրաինային կավելացնի մինչև 2,9 միլիարդ եվրոյի: Այդ փաթեթում, Բրիտանիայի կառավարության ղեկավարի խոսքով, կներառվեն հակաօդային պաշտպանության լրացուցիչ սարքավորումներ, լրացուցիչ հակատանկային համակարգեր, հեռահար հրթիռներ և հազարավոր արկեր: