Գերմանիան 2024 թվականին կկրկնապատկի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը. DW

Գերմանիան այս տարի ավելի քան 7 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային ռազմական մատակարարումների համար, հայտարարել է Գերմանիայի կառավարությունը՝ կանցլեր Օլաֆ Շոլցի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցից հետո։

Գերմանիայի և Միացյալ Նահանգների ղեկավարներն իրենց զրույցում «նշել են Ուկրաինային հետագա ֆինանսական, ռազմական և հումանիտար աջակցության անհրաժեշտությունը»։ Սպիտակ տան մամուլի ծառայությունը նշել է, որ երկու քաղաքական գործիչները համակարգում են Կիևին աջակցելու ջանքերը։

Ի սկզբանե նախատեսվում էր այս տարի Ուկրաինային հատկացնել 4 մլրդ եվրո: Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի առաջարկով՝ միջոցների չափը կրկնապատկվել է։ Այդ որոշումը կավելացնի Գերմանիայի ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 2,1%-ը՝ դրանով իսկ կատարելով ՆԱՏՕ-ի պահանջը։

Միացյալ Նահանգները մոտ 44 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ռազմական աջակցության համար մինչև 2023 թվականի վերջը։ Սակայն 2024 թվականի սկզբին Վաշինգտոնի ռազմական օգնությունը Կիևին ժամանակավորապես դադարեցվել է՝ Կոնգրեսում հանրապետականների և դեմոկրատների միջև տարաձայնությունների պատճառով։

Մոսկվան շարունակում է պնդել, որ դադարեցվեն Ուկրաինային զենքի մատակարարումները՝ համարելով, որ նման գործողությունները Մոսկվային չեն խանգարի հասնել իր նպատակներին, բայց կերկարաձգեն հակամարտությունը։