Եռակողմ պայմանավորվածություններում երբեք խոսք չի եղել «Զանգեզուրի միջանցքի» մասին. Լավրով


Նախագահ Պուտինի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի եռակողմ պայմանավորվածություններում երբևէ խոսք չի եղել «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում:

«2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված և պատերազմը կանգնեցրած հայտարարության մեջ ասվում է, որ ապաշրջափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը երկու ուղղություններով, իսկ այդ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»,- նշել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ տրամաբանություն չկա, Հայաստանի տարածքով տարանցումը Իրանի տարածքով տարանցման նույն պայմաններով ապահովելու Երևանի առաջարկում:

«Հազիվ թե տեղին է համեմատել այդ երթուղիները: Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել, բոլոր երթուղիների ապաշրջափակման դեպքում այն երկրները, որոնց տարածքով անցնում է ցանկացած ապաշրջափակված երթուղի, լիովին պահպանում են դրանց նկատմամբ ինքնիշխանությունն ու իրավասությունը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովը շեշտել է՝ նման հաղորդակցության վերսկսումն այլընտրանք չունի: Նա նշել է, թե սկզբնական շրջանում ապաշրջափակման հարցում դրական տեղաշարժեր կային, սակայն Արևմուտքը խաթարել է գործընթացը: