Թրամփի միակ մրցակից Հեյլին չի պատրաստվում հրաժարվել մրցավազքից և մտադիր է հաղթել

Հանրապետական ​​կուսակցությունից առաջադրվելու իրավունքի համար պայքարում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի միակ մրցակիցը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ և Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիկի Հեյլին, CNN-ի հետ հարցազրույցում ասել է, որ չի պատրաստվում հրաժարվել մրցապայքարից և մտադիր է հաղթել նախագահի ընտրություններում։

Հունվարի 21-ին հրապարակված հարցման արդյունքում Հեյլին Նյու Հեմփշիրի նախնական ընտրություններում 11 տոկոսային կետով հետ կմնա Թրամփից: Նա, սակայն, չի պատրաստվում դուրս գալ երկրի նախկին առաջնորդի դեմ պայքարից, քանի դեռ մեկ ամսից Հարավային Կարոլինայում տեղի չի ունեցել Հանրապետական ներկուսակցական ընտրությունը:

Նյու Հեմփշիրում ընտրողների հետ կայացած հանդիպումների ժամանակ երկու թեկնածուներն էլ միմյանց նկատմամբ մեղադրանքներ են հնչեցրել:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, 2024 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրություններում կրկին հավակնելով Հանրապետական ​​կուսակցությունից նախագահի թեկնածությանը, նախընտրական մրցապայքարում իր մրցակից Նիկի Հեյլիին մեղադրել է պատերազմ հրահրելու համար և խոստացել նման մարդկանց հեռացնել երկրի ղեկավարությունից:

«ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին Բայդենի կողմնակիցն է, և նրա ընտրազանգվածի կեսն իրականում աջակցում է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին»,- հավելել է նախկին նախագահն իր ելույթում։

Նիկի Հեյլին էլ այն կարծիքն է հայտնել, թե ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հոգեկան առողջությունը վերջին տարիներին վատթարացել է, ինչը թույլ չի տա նրան ևս մեկ անգամ պատշաճ մակարդակով կատարել ամերիկյան վարչակազմի ղեկավարի իր պարտականությունները։