Պետությունները Եվրախորհրդում ստանձնած պարտավորությունները չեն կատարում քաղաքական կամքի բացակայության պատճառով. Միյատովիչ


ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին նիստի ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը հարց է ուղղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյավոտիչին: Նա հիշեցրել է, որ Միյատովիչի պաշտոնավարման ընթացքում Ադրբեջանը հայերի հանդեպ իրականացրել է էթնիկ զտում ինչպես նաև չի կատարել խորհրդի  անդամի իր պարտավորությունները: Նա նաև բարձրացրել է Թուրքիայի և այլ անդամ երկրների կողմից միջազգային դատարանների որոշումներն իրականացնելուց խուսափելու հարցը: «Արդյո՞ք չեք տեսնում միջազգային կառույցների, այդ թվում՝ Ձեր ղեկավարած կառույցի գործունեության բացակայության խնդիր՝ հաշվի առնելով, որ Եվրախորհրդի անդամ պետություններում ժողովրդավարության մակարդակն անկում է ապրում և հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումն աճում է»,- հարցրել է ՀՀ պատվիրակը: 
 
Միյատովիչն ի պատասխան ասել է, որ յուրաքանչյուր երկրի պատասխանատվությունն է հետևել իր իսկ ստանձնած պարտավորություններին, և ինքը, որպես հանձնակատար պարբերաբար հիշեցնում է այդ երկրներին իրենց պարտավորությունների մասին: 
 
«Պատճառը, թե ինչու երկրները չեն կատարում պարտավորությունները, քաղական կամքի բացակայությունն է: Միջազգային կարգուկանոնը կխարխլվի, եթե ազգային և միջազգային դատարանների որոշումերն անտեսվեն: Մեր բոլոր կառույցների և աշխատակիցների աշխատանքն ուղղված է երկրներին իրենց ստանձնած պարտավորությունների կատարման մասին հիշեցնելուն: Սակայն մեր աշխատանքը սահմանափակվում է միայն այնքանով, որքան պետություններն են ցանկանում գործակցել: Ես իմ գործունեության ընթացքում երբևէ չեմ փորձել կոծկել կամ քողարկել իրական խնդիրները, երբ խոսքը եղել է մարդու իրավունքների կոպիտ խախտումներին: 
 
Խնդիրն առաջանում է անդամ պետություններում: Կան երկրներ, որոնք պատրաստակամ են աշխատել մեր գրասենյակի հետ՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ԶԼՄ-ների ազատության և այլ կարևոր հարցերում, օրինակ՝ ինչպես Հայաստանն է անում գործողությունների իր պլանի միջոցով: Սակայն ես կցանկանայի տեսնել նաև գործողությունների պլան, ճանապարհային քարտեզ որի հիման վրա մեր կազմակերպությունը կկարողանար աշխատել Ղարաբաղում, և որը կտաներ դեպի խաղաղության գործընթաց: Սակայն դա հնարավոր կլինի, միայն եթե համաձայնեն երկու կողմերն էլ: Եթե ձախողենք, ես դա կհամարեմ երկու երկրների ձախողումը միաժամանակ»,- ասել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը: