Բայդենի նախընտրական շտաբը խոստովանել է, որ Թրամփն է լինելու հանրապետականների թեկնածուն

Նյու Հեմփշիրում հանրապետականների փրայմերիզը ցույց տվեց, որ Դոնալդ Թրամփը գործնականում ապահովել է իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցելու համար, հայտնում է ներկայիս նախագահ Ջո Բայդենի նախընտրական շտաբը։

Նյու Հեմփշիրում հանրապետականների նախնական ընտրություններում Թրամփը ստացել է ընտրողների 53,7%-ի աջակցությունը, նրա հիմնական մրցակիցը՝ Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ​​ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ 33%-ը։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է իր գլխավոր մրցակցին՝ Նիկի Հեյլիին, նախընտրական մրցապայքարից դուրս գալուց հրաժարվելու համար:

Հեյլին, Նյու Հեմփշիրում ընտրատեղամասերի փակվելուց հետո ասել է, որ չի լքի նախընտրական մրցարշավը՝ չնայած այդ նահանգում գրանցված արդյունքին։

Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ առաջին փրայմերիզներն առանցքային դեր են խաղում կուսակցական թեկնածուների պայքարում, թեև դա չի երաշխավորում նրանց անմիջական հաջողությունը հետագա պայքարում։