Եվրախորհրդի անդամության անցած 20 տարվա ընթացքում Ադրբեջանը չի կատարել անդամությամբ ստանձնած պարտավորությունների մեծ մասը. Մորգենս Ենսեն

Եվրախորհրդի անդամության անցած 20 տարվա ընթացքում Ադրբեջանը չի կատարել անդամությամբ ստանձնած պարտավորությունների մեծ մասը: ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթ ունենալով` այս մասին նշել է ԵԽԽՎ-ում Նորվեգիայի խորհրդարանի պատվիրակության անդամ, Ադրբեջանի հարցով զեկուցող Մորգենս Ենսենը:

«Խիստ մտահոգություն են առաջացնում Ադրբեջանի կարողությունները՝ անցկացնելու ազատ և արդար ընտրություններ, իրականացնելու իշխանության ճյուղերի տարանջատում, հիմնելու անկախ դատական համակարգ, ինչպես նաև հարգելու մարդու իրավունքները, ինչպես նշված է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովի բազմաթիվ փաստաթղթերում: Ադրբեջանում դեռևս կա 254 քաղբանտարկյալ: Կառավարության քննադատներին հետապնդելու խնդիրն այդպես էլ չի լուծվել՝ չնայած ընդունված բանաձևերին: Կտտանքների և տանջանքների աղաղակող դեպքերի մասին տեղեկություններ կան Ադրբեջանից, հատկապես այսպես կոչված Թարթառի գործի առնչությամբ: Խիստ մտահոգիչ են նաև հետապնդումները լրատվամիջոցների և լրագրողների հանդեպ: Իմ գործընկեր Շվաբեն շեշտել էր նաև ԼՂ հարցը, որին անդրադարձ կա ԵԽԽՎ ընդունած բանաձևերում: Պետք է շեշտել նաև ԵԽ հետ համագործակցելու ցանկության բացակայության մասին: Մեր մոնիտորինգի առաքելության ներկայացուցիչները չեն կարողացել այցելել ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին: Ավելին՝ Ադրբեջանը չի հրավիրել ԵԽԽՎ-ին նախագահի արտահերթ ընտրության ընթացքում իրականացնել դիտորդական առաքելություն՝ չնայած ունի նման պարտավորություն: Ի վերջո, Ադրբեջանը չի համագործակցել մեր երկու զեկուցողների հետ, որոնք այդպես էլ չեն կարողացել այցելել Լաչինի միջանցք»,- նշել է նա: