Գերմանիան Ուկրաինային առաջին անգամ կմատակարարի Sea King ռազմական ուղղաթիռներ

Գերմանիան Ուկրաինային վեց բազմաֆունկցիոնալ Sea King ուղղաթիռ կմատակարարի, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Sea King-ը հուսալի և հզոր ուղղաթիռ է, որը կօգնի ուկրաինացիներին շատ ոլորտներում՝ սկսած Սև ծովի վրայով հետախուզություն իրականացնելուց մինչև զինվորականների տեղափոխումը: Սա Գերմանիայից այս տեսակի առաջին առաքումն է»,- ասել է նախարարը, բայց  չի նշել ուղղաթիռների մատակարարման ժամկետը։

Պիստորիուսը նաև մատնանշել է Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու անհրաժեշտությունը՝ բնակչությանը պաշտպանելու համար։

Ըստ Die Zeit պարբերականի՝ Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներն էլ զգուշացրել է, որ Գերմանիան միայնակ չի կարողանա օգնել Ուկրաինային:

Նախարարը կոչ է արել արդարացիորեն բաշխել Ուկրաինային տրվող օգնության բեռը ԵՄ շրջանակներում։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Բեռլինը կշարունակի օգնություն ցուցաբերել Կիևին, սակայն նախազգուշացրել է հնարավոր ֆինանսական լարվածության մասին, եթե Գերմանիան ստիպված լինի միայնակ կրել «Ուկրաինայի հակամարտության ֆինանսական բեռը», և կոչ է արել ԵՄ մյուս անդամներին ուժեղացնել աջակցությունը Կիևին: