Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա. Բայրամով


Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա: Նրա խոսքով՝ Փարիզից իր երկրի հասցեին հնչում են «բաց հայտարարություններ և սպառնալիքներ»:

«Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ տարբեր հարթակներում մեր երկրի դեմ համակարգային աշխատանքի հիմքում ընկած գլխավոր երկիրը Ֆրանսիան է: Ադրբեջանը համարժեք կպատասխանի դրան։ Մենք այնպիսի երկիր չենք, որ դա անպատասխան թողնենք։ Ինչպես արդեն նշեցի, Ֆրանսիան առաջինն էր, որ քայլեր ձեռնարկեց մեր երկրի դեմ։ Երբ նա գիտակցի իր սխալը և այլընտրանքային քայլեր ձեռնարկի, այդ ժամանակ էլ մենք համապատասխան ձևով կպատասխանենք»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Նա անդրադարձել է նաև ԵԽԽՎ-ից իր երկրին վտարելուն, նշել՝ պաշտոնական Բաքուն խստորեն դատապարտում է Ադրբեջանի դեմ ԵԽԽՎ-ի իբրև թե կանխակալ որոշումը:

Բայրամովի կարծիքով՝ ԵԽԽՎ-ի նման դիրքորոշման պատճառը «Ադրբեջանի կողմից իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնումն է»: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Բաքվի ագրեսիան, Բայրամովի խոսքով, համապատասխանում էին Ադրբեջանի սահմանադրությանը և միջազգային իրավունքին:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին