Բրյուսելում տեղի կունենա ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստը, որը նվիրված կլինի երկկողմ հարաբերություններին և քաղաքական խնդիրներին

Փետրվարի 13-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստը, որը նվիրված կլինի երկկողմ հարաբերություններին և քաղաքական խնդիրներին։

Այս մասին հայտնում է ԵԽ մամուլի ծառայությունը։ Կողմերը կարծիքներ են փոխանակում ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթությունների, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գործընկերության ավելի հավակնոտ օրակարգին անցնելու հնարավորության շուրջ։ Քննարկվելու են քաղաքական երկխոսությունն ու բարեփոխումները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները, տնտեսական, առևտրային և արդյունաբերական համագործակցությունը, ինչպես նաև միգրացիան, շարժունակությունը և վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության հեռանկարները։ Այնուհետև մասնակիցները կարծիքներ են փոխանակելու քաղաքական, այդ թվում՝ տարածաշրջանային խնդիրների, արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության վերաբերյալ։

Գործընկերության խորհուրդը գլխավորում է արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։

Հայկական պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։