Ադրբեջանը վճռական է արագ ավարտել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները. Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ադրբեջանը վճռական է  Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն արագ ավարտելու հարցում։ Այս մասին Известия-ին հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։

«Ղարաբաղի հետ կապված հարցը փակված է: Այս բոլոր տարիներին Ռուսաստանը ջանքեր է գործադրել ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Ցավոք սրտի, չստացվեց, այս թեման փակվեց սեպտեմբերին ռազմական գործողությամբ։ Ռուսաստանը միշտ շատ կարևոր դեր է խաղում կարգավորման հարցում, և այժմ պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի բանակցություններում»,- նշել է Եվդոկիմովը։

Դեսպանի խոսքով՝ այն, ինչ առաջարկում է ադրբեջանական կողմը, միանգամայն արդարացված է, ստանդարտ ձևակերպումներ և հոդվածներ, որոնք, որպես կանոն, կան կողմերի միջև կնքված խաղաղության պայմանագրերում։ Եվ, սկզբունքորեն, այն առաջարկների հիման վրա, որ անում է Բաքուն, նրա կարծիքով, բանակցությունները կարող են բավականին արագ ավարտվել։

«Մենք պատրաստ ենք տրամադրել մոսկովյան հարթակը, պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում տրամադրել մեր փորձագիտական կարողությունները, տեքստի վերաբերյալ մեր խորհուրդները։ Այստեղ մենք շատ լավ հարաբերություններ ունենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ։

Ես տեսնում եմ, որ Ադրբեջանը հաստատակամ է շատ արագ ավարտել խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունները։ Բայց, ինչպես գիտենք, բանակցություններն ավարտին հասցնելու համար երկու կողմն էլ պետք է նման ցանկություն ունենա»,- ասել է դեսպանը։

Ինչ վերաբերում է ԼՂ-ում խաղաղապահների գտնվելու հետագա ռեժիմին, դեսպանը հայտարարել է, որ այժմ Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ համաձայնեցվում են խաղաղապահ զորակազմի վերաբերյալ Մոսկվայի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները, նրանց գտնվելու ժամկետը լրանում է 2025 թվականին:

«Այժմ ռուս խաղաղապահները՝ ադրբեջանական ուժերի հետ միասին, պարեկություն են իրականացնում տարածքում՝ պաշտպանելով շենքերն ու մշակութային կառույցները»,- եզրափակել է դեսպանը։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին