Սաակաշվիլու կուսակցության նախկին նախագահ Մելիան ստեղծել է ընդդիմադիր «Նոր» կուսակցությունը


Վրաստանում ստեղծվել է ընդդիմադիր «Ախալի» (հայերեն՝ «Նոր»-խմբ.) կուսակցությունը, որի առաջնորդներն են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին նախագահ Նիկանոր Մելիան և ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաալիքի նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան։

«Մենք հաստատում ենք, որ միավորվել են մարդիկ, որոնք ցանկանում են կառուցել արդար հասարակություն», – ասել է Մելիան կուսակցության շնորհանդեսի ժամանակ։ Նրա խոսքով՝ «Նոր» կուսակցությունը միավորում է տասնյակ հազարավոր քաղաքացիների։

Մի քանի ամիս առաջ Մելիան իր կողմնակիցների հետ լքել է Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», որը հիմնադրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Մարտի 5-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ընդդիմադիր թևում նոր կուսակցությունների ստեղծումը մեծացնում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության սահմանադրական մեծամասնություն ստանալու հնարավորությունը հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանի ընտրությունում։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին