Ալիևն Էրդողանին հրավիրել է Բաքու՝ մասնակցելու COP29-ի համաժողովին

Անկարայում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով ադրբեջանա-թուրքական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը։ Այն նախագահել են Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։

Հանդիպման շրջանակում տարբեր ոլորտներում գործակցության զարգացման երկկողմ փաստաթղթերի փաթեթ է ստորագրվել: Յըլմազը հայտարարել է, որ Անկարան և Բաքուն շարունակելու են իրենց ուղին՝ առաջնորդվելով «երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսով։

Նա բարձր է գնահատել երկրների միջև տնտեսական գործակցության բարձր մակարդակը՝ նշելով, որ Թուրքիայում Ադրբեջանի ներդրումների ծավալը հասել է 21 միլիարդ դոլարի, իսկ Ադրբեջանում թուրքական ուղիղ ներդրումների ծավալը 13 մլրդ դոլար է։

Ալի Ասադովն էլ գոհունակություն է հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախագծերը փոխում են աշխարհի էներգետիկ քարտեզը: Նրա խոսքով՝ իրենց երկրները կարևոր դեր են խաղում եվրոպական էներգետիկ անվտանգության հարցում:

Նիստից հետո Ադրբեջանի վարչապետին ընդունել է Թուրքիայի նախագահը: Ալի Ասադովը հայտնել է, որ Իլհամ Ալիևը հրավիրում է Ռեջեփ Էրդողանին՝ մասնակցելու նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին