Մոսկվան ողջունում է Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները. Գալուզին


Մոսկվան ողջունում է մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև բանակցությունների անցկացումը՝ News.ru հարթակի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով՝ ևս մեկ քայլ է արվել Հարավային Կովկասում հուսալի և երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ։ «Մենք լիովին աջակցում ենք Աստանայի ջանքերն այս ուղղությամբ»,- նշել է դիվանագետը՝ հավելելով՝ կարևոր է, որ Ալմաթիում շփումները համահունչ լինեն ամենաբարձր մակարդակով 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերին, որոնք որոշեցին Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը։
 
Անդրադառնալով ԼՂ-ից ՌԴ խաղաղապահների հեռանալու փաստին՝ Գալուզինը նշել է, թե խաղաղապահներն արել են ամենակարևորը, որը չպետք է մոռանալ. նրանք խաղաղություն և կայունություն են բերել հակամարտության տարածաշրջան։
 
Հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարարը կրկին մեղադրել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը, կարծիք հայտնել, թե իբր այն վերածվել է արևմտյան կիսառազմական գործողության՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներգրավմամբ և կասկածելի նպատակներով։ «Առաքելությունը բացահայտ սադրիչ գործունեություն է ծավալում, ամբողջությամբ զբաղվում է հակառուսական քարոզչությամբ՝ հայ հասարակության մեջ կեղծ գաղափարներ սերմանելով Եվրամիության մասին՝ որպես Հայաստանի «անվտանգության և բարգավաճման աղբյուր»։ Ավելին, ԵՄ գործունեությունը գնալով ստանում է հակաադրբեջանական և հակաիրանական բնույթ»,- նշել է Գալուզինը:
 
Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասի բարգավաճման բանալին ներառական երկխոսությունն է, մասնավորապես՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակում: Պատասխանելով լրագրողի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին՝ Գալուզինն ընդգծել է, որ Մոսկվան չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ «Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե որպես որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման կողմնակից»,- ասել է նա։
 
ՌԴ փոխարտգործնախարարը Երևանին մեղադրել է երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցում համագործակցությունը սառեցնելու համար՝ շեշտելով, թե Մոսկվան անհրաժեշտ է համարում հնարավորինս շուտ վերսկսել եռակողմ աշխատանքային խմբի լիարժեք աշխատանքը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին