Թբիլիսիում նշվեց ավանդական 110-րդ Վարդատոնը

Մայիսի 19-ին Թբիլիսիում նշվեց ավանդական 110-րդ Վարդատոնը` նվիրված անվանի հայ աշուղ Սայաթ-Նովայի հիշատակին։

Ինչպես ամեն տարի` միջոցառման մասնակիցները հոգեհանգստյան կարգից հետո ծաղիկներ խոնարհեցին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի հուշաքարի մոտ, որին հաջորդեց տոնական բացօթյա համերգը Գորգասալի հրապարակում։

Ներկաներին ողջունեց Վիրահայերի միության նախագահ Մ.Առաքելովան: Բացման խոսքով հանդես եկան Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, որին հաջորդեցին Սայաթ-Նովային և Վարդատոնին նվիրված ելույթներ, երաժշտական և պարային կատարումներ։ Ելույթով հանդես եկավ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը։

Տոնական համերգին ներկա էին Թբիլիսիի սակրեբուլոյի անդամներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, բազմաթիվ այլ հյուրեր։