Մնում ենք մեր դիրքորոշմանը և այդ դիրքորոշումից բխող տրամաբանությամբ ենք բանակցում հարևան պետության ներկայացուցիչների հետ. Ալեն Սիմոնյան


Մենք այս պահին ունենք մի քանի հայտարարություն Ադրբեջանի կողմից նաև ամենաբարձր՝ նախագահի մակարդակով Ալմա Աթայի հռչակագրի նշումով, և ունենք նկարագրություն այն ամենի, ինչի մասին մենք խոսում ենք և պայմանագրի շրջանակում այդ խոսակցությունը շարունակվում է: Պետք է ասեմ, որ թերևս դա քննարկվող թեմաներից մեկն է այս փուլում: Բայց մենք դեռ չունենք համաձայնություն, և քննարկումները շարունակվում են: Այս մասին մամուլի ասուլիսում պատասխանելով հարցին՝ արդյոք հաջողվե՞լ է Ադրբեջանի հետ գալ համաձայնության, որպեսզի Ալմա Աթայի հռչակագրի մասին դրույթը ամրագրվի խաղաղության պայմանագրում՝ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք հաջողվե՞լ է ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերում, որը Հայաստանը կարևորում է, այդ տեսակետները մոտեցնել և նախագծում այդ հարցերը ամրագրել, Սիմոնյանը պատասխանեց՝ հայկական կողմը բազմիցս է իր դիրքորոշումը ներկայացրել:

«Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը և այդ դիրքորոշումից բխող տրամաբանությամբ ենք բանակցում հարևան պետության ներկայացուցիչների հետ՝ հասկանալով և պատրաստ լինելով այդ քննարկումը շարունակել բոլոր մնացած մակարդակներում՝ ոչ միայն խաղաղության պայմանագրի շրջանակներում:

Շատ կարևորում ենք բոլոր կոմունիկացիաների բացման գաղափարը, որը նաև արտացոլված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և Հայաստանը շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքները: Լիահույս եմ, որ կհաջողենք»,- խոսքը եզրափակեց ԱԺ նախագահը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին