Միացյալ Նահանգները դեմ է առանց Իսրայելի հետ համաձայնության Պաղեստինը որպես պետություն ճանաչելուն

Ամերիկյան վարչակազմը դեմ է Պաղեստինի Պետության ճանաչմանը` առանց Իսրայելի հետ համապատասխան համաձայնության հասնելու։ Այդ մասին չորեքշաբթի հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչին։

«Նախագահը վստահ է, որ Պաղեստինի Պետությունը պետք է ստեղծվի կողմերի միջև ուղիղ բանակցությունների միջոցով, այլ ոչ թե միակողմանի ճանաչման»,- ասել է հեռուստաալիքի աղբյուրը:

Խորհրդի ներկայացուցիչը միաժամանակ ընդգծել է, որ Բայդենը «պաշտպանում է երկու պետություն ստեղծելու գաղափարը և դա արել է իր ողջ կարիերայի ընթացքում»։

Ներկայումս Պաղեստինի Պետությունը ճանաչել է 140 երկիր, սակայն դրանց թվում չեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական ​​անդամները՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։

Ի դեպ, Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ստեֆան Սեժուրնեն ասել է. «Պաղեստինի ճանաչումը Փարիզի համար տաբու չէ։ Սակայն, կարծում ենք, որ այժմ պայմաններ չկան այդ որոշումն ընդունելու համար»։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին