ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստանում է «այլ ոլորտներում» պատասխանել խոշոր կիբեռհարձակումներին

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը The Economist-ի հետ հարցազրույցում կոչ է արել Ռուսաստանին՝ դադարեցնել ՆԱՏՕ-ի անդամների դեմ կիբերհարձակումները, նախազգուշացրել՝ դրանք կարող են հանգեցնել Վաշինգտոնի Հավաքական պաշտպանության պայմանագրի 5-րդ հոդվածի գործարկմանը և համապատասխան արձագանքին՝ ոչ միայն կիբեռտիրույթում:

Հինգերորդ հոդվածի համաձայն՝ դաշինքի անդամներից մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում ՆԱՏՕ-ի բոլոր անդամների վրա։ Դաշնակցին պաշտպանելու համար դաշինքի անդամները կարող են ձեռնարկել «անհրաժեշտ գործողություններ»:

Ավելի վաղ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն Ռուսաստանին մեղադրել են մի քանի կիբեռհարձակումների համար։

Եվրամիությունը դատապարտել է APT28-ի «չարամիտ կիբեռ արշավը»: ՆԱՏՕ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ խմբավորումը հարձակվել է կառավարական վարչությունների, կարևոր ենթակառուցվածքների օպերատորների և այլ կազմակերպությունների վրա «դաշինքի ամբողջ տարածքում», ներառյալ՝ Լիտվայում, Լեհաստանում, Սլովակիայում և Շվեդիայում: Բլոկը այս հաքերներին անվանել է «Ռուսաստանի կողմից հովանավորվող»:

Ռուսաստանի իշխանությունները մեղադրանքներն անհիմն են անվանել։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին