Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթը կարող է ընդունվել հունիսի կեսերին. Օ’Սալիվան

Պատժամիջոցների հարցով Եվրամիության հատուկ դեսպանորդ Դևիդ Օ’Սալիվանը հնարավոր է համարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի ընդունումը հունիսի կեսերին:

«Ես միանգամայն վստահ եմ, որ այն կհամաձայնեցվի հունիսին: Հուսով եմ՝ հունիսի կեսերին» – ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ նոր փաթեթի շրջանակում քննարկվում են ինչպես էներգետիկ, այնպես էլ ծովի հետ կապված սահմանափակումները, մասնավորապես՝ ստվերային նավատորմի խնդիրը: Օ’Սալիվանը հիշեցրել է, որ որոշումների ընդունման համար կպահանջի միաձայն հավանություն:

Դեսպանորդը հավելել է, որ Եվրամիության երկրները մտադիր են պայքարել նաև արևմտյան արտադրության միկրոէլեկտրոնիկայի ապօրինի առևտրի դեմ, որն, ըստ Օ’Սալիվանի, Ռուսաստանն օգտագործում է իր հրթիռներում:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին