Վրաստանի իշխանությունների գործողությունները վտանգի տակ են դնում Վրաստանի եվրոպական ապագան․ Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց և զանգվածային ցույցերի պատճառ դարձած օրենքի ընդունմանը:
 
«Վաշինգտոնը խորապես մտահոգված է «Վրացական երազանք» կուսակցության հակաժողովրդավարական գործողություններով և հռետորաբանությամբ։ Դրանք վտանգի տակ են դնում Վրաստանի եվրոպական ապագան, հակասում են երկրի սահմանադրությանը և ժողովրդի ցանկություններին»,- նշել է պետքարտուղարության խոսնակը:
 
Մեթյու Միլլերը հիշեցրել է, որ օրերս Էնթոնի Բլինքենը հայտարարել է Միացյալ Նահանգներ-Վրաստան երկկողմ գործակցության համապարփակ վերանայման մասին: Նա տեղեկացրել է, որ այդ համատեքստում Վաշինգտոնը Վրաստանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ վիզային սահմանափակումներ է կիրառում:
 
Միլլերի խոսքով՝ «այդ ցուցակում են Վրաստանում ժողովրդավարության խարխլման համար պատասխանատու կամ մեղսակից անձինք և նրանց ընտանիքների անդամները»: 
 
«Առաջին փուլում սահմանափակումներ են կիրառվում «Վրացական երազանք» կուսակցության անդամների, խորհրդարանի, իրավապահ մարմինների ներկայացուցիչների և մասնավոր քաղաքացիների նկատմամբ»,- մանրամասնել է պետքարտուղարության խոսնակը: 
 
Նա շեշտել է՝ Վաշինգտոնը հուսով է, որ Վրաստանի իշխանությունը կվերանայի իր գործողությունները: «Հակառակ դեպքում Միացյալ Նահանգները պատրաստ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել»,- նախազգուշացրել է Միլլերը:
 
Վրաստանի փոխվարչապետ Թեյա Ցուլուկիանին հայտարարել է, որ Վաշինգտոնը հերթական սխալն է գործում:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին