ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Գազայում հրադադարի մասին ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Գազայում հրադադարի մասին ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևը: Փաստաթղթին կողմ է քվեարկել 14 երկիր, Ռուսաստանը ձեռնպահ է մնացել։

Բանաձևը ՀԱՄԱՍ-ին կոչ է անում համաձայնել հրադադարի մասին նոր առաջարկին, որին համաձայնել է Իսրայելը: Ըստ փաստաթղթի՝ այդ առաջարկի կյանքի կոչումը թույլ կտա հասնել «շուտափույթ, ամբողջական և վերջնական հրադադարի՝ պատանդների, այդ թվում՝ կանանց, տարեցների և վիրավորների ազատ արձակմամբ»:

Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է պաղեստինցի բանտարկյալների փոխանակում, Գազայի բնակեցված շրջաններից իսրայելական ուժերի դուրսբերում, պաղեստինցի քաղաքացիական անձանց վերադարձ իրենց տները Գազայի բոլոր շրջաններում, ինչպես նաև անհրաժեշտ քանակությամբ մարդասիրական օգնության անվտանգ և արդյունավետ բաշխում Գազայի հատվածի ողջ տարածքում:

Երկրորդ փուլով նախատեսվում է կողմերի համաձայնությամբ ռազմական գործողությունների վերջնական դադարեցում՝ բոլոր պատանդներին ազատելու և Գազայից իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերման դիմաց:

Բանաձևի հեղինակները մերժում են Գազայի հատվածում ժողովրդագրական կամ տարածքային փոփոխությունների ցանկացած փորձ, ներառյալ՝ «Գազայի տարածքի փոքրացմանն ուղղված ցանկացած գործողություն», ինչպես նաև վերահաստատում են իրենց հավատարմությունը «երկու պետության» սկզբունքին:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին