Ախալքալաքի ղեկավարությունն այցելել է Կումուրդո և Կիրովական

Ախալքալաքի ղեկավարությունն այցելել է Կումուրդո և Կիրովական

Ախալքալաքի մունիցիպալիտետի ղեկավարությունը շարունակում է բնակչության հետ հանդիպումների և իրականացված աշխատանքների ներկայացման գործընթացը։ Այս շրջանակներում քաղաքապետ Մելքոն Մակարյանը, սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, նրանց տեղակալներն ու սակրեբուլոյի պատգամավորներն այցելել են Կումուրդո և Կիրովական գյուղեր։

Կումուրդո գյուղում մունիցիպալիտետի ղեկավարությունը բնակիչների հետ միասին ծանոթացել է գյուղի կենտրոնում կառուցվող նոր պուրակի ավարտական աշխատանքներին։

Նախագծի շրջանակներում իրականացվել են մի շարք բարեկարգման աշխատանքներ․ կառուցվել են բաց և փակ տաղավարներ, ստեղծվել է մանկական խաղերի և մարզումների համար նախատեսված տարածք, կառուցվել են հետիոտնային արահետներ, տեղադրվել է արտաքին լուսավորության համակարգ։ Կատարվել են նաև կանաչապատման աշխատանքներ, իսկ պուրակը համալրվել է անհրաժեշտ ենթակառուցվածքներով։

Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 284 500 լարի։ Աշխատանքները ֆինանսավորվել են տեղական բյուջեի միջոցներով։

Այցի շրջանակներում մունիցիպալիտետի ղեկավարությունն այցելել է նաև Կիրովական գյուղ, որտեղ ծանոթացել է բետոնե ճանապարհի կառուցման ավարտված աշխատանքներին։