Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը. Էրդողան

Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը. Էրդողան


Անկարայում կայացած բանակցություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը լիարժեք աջակցելու մասին:

«Միևնույն ժամանակ, ես ընդգծել եմ, որ մենք ցանկացած աջակցություն կցուցաբերենք բանակցությունների ավարտի և կայուն խաղաղության հաստատման համար։ Այդ պատերազմը պետք է ավարտվի»,- հավելել է Էրդողանը։

Նա նաև պատրաստակամություն է հայտնել ընդունել Ուկրաինայում հակամարտության շուրջ բանակցությունները։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան իդեալական վայր է Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների բանակցությունների համար:

Էրդողանը հիշեցրել է պատերազմի ողջ ընթացքում Թուրքիայի դիվանագիտական ջանքերի մասին, մասնավորապես՝ Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որից Ռուսաստանը դուրս եկավ 2023 թվականի ամռանը։

«Մեր երկիրը իդեալական հյուրընկալող կողմ է այն բանակցությունների համար, որոնք, հավանաբար, կսկսվեն Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Մեկնաբանելով Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիվանագիտական նախաձեռնությունը՝ Էրդողանը հայտարարել է, թե այն համընկնում է վերջին երեք տարիներին այդ հարցով Անկարայի վարած քաղաքականության հետ: