Թրամփը միակ համաշխարհային առաջնորդն է, որ կարող է հասնել խաղաղության Ուկրաինայում. Ռուբիո

Թրամփը միակ համաշխարհային առաջնորդն է, որ կարող է հասնել խաղաղության Ուկրաինայում. Ռուբիո


Նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի հանդիպում չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չգիտենք, թե ինչին է այն նվիրված լինելու՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Նրա խոսքով՝ հանդիպումը մեծապես կախված կլինի նրանից, թե արդյոք հնարավոր կլինի առաջընթաց գրանցել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու առումով։

«Բոլորը պետք է նշեն այն փաստը, որ նախագահ Թրամփը խաղաղարար է: Այս պահին նա միակ համաշխարհային առաջնորդն է, որ կարող է հասնել դրան։ Մյուսները փորձեցին, բայց ձախողեցին: Միգուցե մենք էլ հաջողության չհասնենք, բայց հիմա մենք միակն ենք, որ նախագահ Թրամփի շնորհիվ գոնե ինչ-որ շանս ունենք»,- նշել է Ռուբիոն:

ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ընդունելի լինի երկու կողմի համար:

Անդրադառնալով Էր Ռիադի բանակցություններին՝ նա ընդգծել է, որ անհրաժեշտ է երկխոսություն պահպանել Ռուսաստանի հետ, որը միջուկային գերտերություն է: Ռուբիոն նշել է, որ հնարավոր համաձայնագրի մանրամասները չեն քննարկվել փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքում: Դիվանագետի խոսքով՝ Վաշինգտոնը Մոսկվայի հետ դեռևս չի քննարկել պատժամիջոցների չեղարկման հարցը: