ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Անկարա և հանդիպել իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ: Ըստ CNN Türk-ի՝ դիվանագետների քննարկման թեման առևտրից, էներգետիկայից ու զբոսաշրջությունից բացի եղել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման և հակամարտության կարգավորման խնդիրը:
Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո ուկրաինական պատերազմի մասով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Մենք կդադարեցնենք ռազմական գործողությունները միայն այն ժամանակ, երբ այդ բանակցությունները տան ամուր, կայուն արդյունք, որը ձեռնտու կլինի Ռուսաստանի Դաշնությանը»,- ասել է նախարարը։
Նա հավելել է, որ «անհապաղ սառեցման», շփման գծի երկայնքով մարտական գործողությունները դադարեցնելու և հետագա քայլերի մասին մտածելու տարբերակը Ռուսաստանին չի գոհացնի։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն էլ հայտարարել է, որ Անկարան պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի իրավիճակի շուրջ։
«Մեր վերջնական նպատակը մեր երկու հարևանների միջև կայուն խաղաղության հասնելն է։ Մենք պատրաստ ենք միջնորդել, այդ թվում նաև հյուրընկալել բանակցությունները»,- ասել է նա Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։