Իրանցի գործընկերների հետ բանակցություններն առարկայական և օգտակար էին՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Թեհրանում իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հանդիպումից հետո ճեպազրույցում:
Լավրովը նշել է, որ Մոսկվայի ու Թեհրանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է «հիանալի մակարդակում», ակտիվորեն զարգանում են տնտեսական կապերը, առևտրաշրջանառությունն աճել է 13 տոկոսով։ ՌԴ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ այդ միտումը կշարունակվի նաև ապագայում։
Նախարարներն անդրադարձել են պատժամիջոցների խնդրին, պատրաստակամություն հայտնել շարունակել առարկայական աշխատանքը երկու երկրների տնտեսությունների վրա սահմանափակումների ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար:
Սերգեյ Լավրովն իրանցի գործընկերոջը տեղեկացրել է նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև վերջին շփումների արդյունքների մասին: «Ես երախտագիտություն հայտնեցի իրանցի գործընկերներին հավասարակշռված դիրքորոշման համար»,- ասել է ռուս դիվանագետը:
Ճեպազրույցում Լավրովն անդրադարձել է նաև Սիրիայում տիրող իրավիճակին: «Վերահաստատել ենք մեր մոտեցումների հետագա համաձայնեցման փոխադարձ տրամադրվածությունը՝ այդ երկրում երկարաժամկետ խաղաղության, կայունության ապահովման նպատակով՝ առանց բացառության բոլոր քաղաքական, էթնիկ և կրոնական խմբերի մասնակցությամբ։ Սիրիայի կայունացման գործընթացների ներառականությունը չափազանց կարևոր է, և մենք կսպասենք այսօր մեկնարկած Համասիրիական ազգային կոնգրեսի արդյունքներին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Աբբաս Արաղչին էլ նշել է, որ Թեհրանը կշարունակի միջուկային ծրագրի շուրջ խորհրդակցությունները Ռուսաստանի և Չինաստանի գործընկերների հետ: Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ իր երկիրը ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ ուղղակի բանակցություններ չի վարի «ճնշման և սպառնալիքների» ներքո: