Ռուսաստանն ԱՄՆ-ին պաշարներ է առաջարկել գրաված տարածքից. NBC

Ռուսաստանն ԱՄՆ-ին պաշարներ է առաջարկել գրաված տարածքից. NBC


Ռուսաստանը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին առաջարկել է համաձայնագիր կնքել, որով ԱՄՆ-ին կփոխանցեն Ռուսաստանի գրաված ուկրաինական տարածքներում առկա որոշ հանքային ռեսուրսների, այդ թվում՝ հազվագյուտ հողային մետաղների սեփականությունը։ Այս մասին NBC News-ը գրել է իր կայքում՝ հղում անելով երկու անանուն ամերիկացի պաշտոնյայի։

Նրանք պարզաբանել են, որ խոսքը Դոնեցկի և Զապորոժիեի շրջաններում գտնվող հանքավայրերին ԱՄՆ-ի հասանելության մասին է: Ըստ աղբյուրների՝ ամերիկյան կողմը չի համաձայնել այդ գործարքին, սակայն չի էլ մերժել։

Մեկ ուիշ տեղեկության համաձայն՝ ուժի մեջ է մտել Ռուսաստանում նավթի արդյունահանման ծառայություններ մատուցող ամերիկյան ընկերությունների նկատմամբ Վաշինգտոնի արգելքը։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սահմանափակումների մասին հայտարարել է հունվարի 10-ին՝ որպես հակառուսական պատժամիջոցների հաջորդ փաթեթի մաս։ Բիզնեսին ժամանակ է տրվել մինչև փետրվարի 27-ը դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի ընկերությունների հետ:

Բացառություններ են արվել Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի, «Թենգիզշևրոյլի» և «Սախալին-2» նախագծի համար, նրանց ծառայությունների մատուցման լիցենզիան գործում է մինչև հունիսի 28-ը: