Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ շահագրգռված չէ «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկումով

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ շահագրգռված չէ «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկումով


Եվրահանձնաժողովը (ԵՀ) շահագրգռվածություն չի տեսնում «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագծին վերադառնալու հարցում, որի գծերից մեկը ավերվել էր 2022 թվականի աշնանը դիվերսիայի պատճառով։

«Հյուսիսային հոսք-2»-ը ԵՄ-ի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող նախագիծ չէ: Դա թույլ չի տալիս Եվրամիությանը դիվերսիֆիկացնել իր էներգիայի աղբյուրները»,- երկուշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՀ-ի խոսնակ Աննա-Կաիսա Իտկոնենը։

Նախօրեին The Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ «Հյուսիսային հոսք-2»-ը կարող է գործարկվել ԱՄՆ-ից ներդրողների աջակցությամբ: Թրամփի վարչակազմին Ռուսաստանից Գերմանիա «Հյուսիսային հոսք-2» գազատարով գազի մատակարարումը վերսկսելու առաջարկություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկեր Մաթիաս Ուորնիգը, որը զբաղեցրել է «Գազպրոմի» դուստր ձեռնարկության «Հյուսիսային հոսք-2»-ի տնօրենի պաշտոնը:

Ծրագրի իրականացման դեպքում ԱՄՆ-ն «աննախադեպ վերահսկողություն կստանա Եվրոպայի էներգամատակարարման նկատմամբ», գրում է Bild-ը։

«Հյուսիսային հոսք-2»-ը սկսել են կառուցել 2018 թվականին, սակայն այն այդպես էլ շահագործման չի հանձնվել գերմանական կողմից հավաստագրման հետ կապված խնդիրների պատճառով։

2022 թվականի սեպտեմբերին Դանիայի Բորնհոլմ կղզու մոտ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել «Հյուսիսային հոսք»-ի երկու և «Հյուսիսային հոսք 2»-ի մեկ գծերի ապահերմետիկացում: