Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունը, որ ռուս-ուկրաինական խաղաղության գործարքի համար դեռ շատ ժամանակ կպահանջվի:
«Ամենավատ հայտարարությունն է, որ Զելենսկին կարող էր անել. Ամերիկան չի համակերպվի դրա հետ։ Այդ տղան չի ցանկանում, որ խաղաղություն հաստատվի, քանի դեռ ստանում է ԱՄՆ աջակցությունը: Եվրոպան էլ ասել է, որ չի կարող անել այդ աշխատանքն առանց ԱՄՆ-ի: Հավանաբար, ամենալավ հայտարարությունը չէ, որ կարելի է անել, հատկապես երբ ցանկանում են իրենց ուժը ցուցադրել Ռուսաստանին»,- ասել է Թրամփը:
Թրամփը նաև նախազգուշացրել է՝ ով դեմ արտահայտվի խաղաղությանը, երկար չի դիմանա:
Միևնույն ժամանակ, Զելենսկին X-ի էջում գրել է, որ Կիևը շարունակում է աշխատել ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ և փորձելու է ավելի առարկայական դարձնել դիվանագիտական ջանքերը՝ պատերազմն ավարտելու համար։
«Մեզ իրական խաղաղություն է պետք, դա ամենաշատը ուկրաինացիներն են ցանկանում, քանի որ պատերազմն ավերում է մեր քաղաքները, կորցնում ենք մեր ժողովրդին. հարկավոր է հնարավորինս շուտ դադարեցնել պատերազմը և երաշխավորել անվտանգությունը»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը։
Զելենսկին ևս մեկ անգամ հույս է հայտնել, որ խաղաղության ճանապարհին ԱՄՆ-ը կլինի Ուկրաինայի կողքին: