Չինաստանը պատրաստ է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ցանկացած տեսակի պատերազմի: Այդ մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ԱՄՆ-ում ՉԺՀ դեսպանությունը։
Դիվանագիտական ներկայացուցչությունն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Չինաստանի հետ պետք է բանակցի հավասարը հավասարի սկզբունքով: «Իսկ եթե Միացյալ Նահանգները պատերազմ է ցանկանում, լինի դա մաքսատուրքային, առևտրային կամ ցանկացած այլ տեսակի պատերազմ, մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ»,- ասվում է հայտարարության մեջ:
2013 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր Չինաստանի նախագահ Սի Ծինփինն իրականացնում է ժողովրդաազատագրական բանակի լայնածավալ արդիականացում։ Չինաստանը ծրագրում է 2025 թվականին պաշտպանական ծախսերն ավելացնել 7,2 տոկոսով՝ մինչև 1,78 տրիլիոն յուան (մոտ 231 միլիարդ եվրո): Չինաստանը ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ ամենամեծ պաշտպանական բյուջեն ունի:
Իսկ մինչև 2049 թվականը Պեկինը նախատեսում է ստեղծել «համաշխարհային կարգի բանակ»: Չինաստանի իշխանությունները հայտարարում են, որ ագրեսիվ մտադրություններ չունեն և ներդրումներ են կատարում ինքնիշխանության պաշտպանության համար: