Մարտի 7-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Աթենքի Միխալիս Կակոյանիս հիմնադրամում և վերջինիս համակազմակերպմամբ տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության անդամակցության 33-րդ հոբելյանին, Կանանց միջազգային և Հայ դիվանագետի օրերին:
Միջոցառմանը ցուցադրվել է Միմի Մալայանի նկարահանած, մրցանակակիր Stateless Diplomat վավերագրական ֆիլմը` նվիրված Դիանա Աբգարին, հունարեն ենթագրերով։
Միջոցառմանը ելույթի խոսքերով են հանդես եկել Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և «Դիանա Աբգար» Հիմնադրամի համահիմնադիր Հրաչյա Մարգարյանը:
Դեսպան Մկրտչյանը նախ անդրադարձել է 1992 թ. ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության պատմությանը, որի համատեքստում և 2012 թ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց մարտի 2-ը սահմանել որպես Հայ դիվանագետի օր։
Դեսպանն ընդգծել է, որ Դիանա Աբգարի գործունեությանը նվիրված վավերագրական ֆիլմում արծարծվող թեմաներից շատերը շարունակում են արդիական մնալ։ Նա որոշ մանրամասներ է ներկայացրել Դիանա Աբգարի կյանքի և գործունեության վերաբերյալ։
«1920 թ. հուլիսին Աբգարին Հեռավոր Արևելքում Հայաստանի Առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ և գլխավոր հյուպատոս նշանակելիս այն ժամանակ արտաքին գործերի նախարարի` Համազասպ Օհանջանյանի կողմից ավելացվում է հետևյալ գրությունը. «որպեսզի պաշտպանեք նորաստեղծ Հայրենիքի շահերը և մեղմացնեք մեր հայրենակիցների կացության պայմանները»:
Այդ ուղերձը շարունակում է արդիական մնալ նաև մեր օրերում»,- նշել է դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Դեսպանն իր խոսքն ավարտել է շնորհավորելով Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8 ի կապակցությամբ և ընդգծելով այդ թվում և Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աշխատակազմում նրանց ունեցած էական դերը։
Հայաստանից միջոցառման մասնակցության համար ժամանած Դիանա Աբգար հիմնադրամի համահիմնադիր Հրաչյա Մարգարյանը ներկայացրել է հիմնադրամի աշխատանքները և Դիանա Աբգարի ժառանգությունը հանրայնացնելուն ուղղված հիմնադրամի առաջիկա քայլերը։
ՀՀ դեսպանության կողմից վարդեր են նվիրել միջոցառմանը ներկա կանանց: