Լիբերալ կուսակցության 59-ամյա առաջնորդ Մարկ Քարնին կդառնա Կանադայի նոր վարչապետը

Լիբերալ կուսակցության 59-ամյա  առաջնորդ Մարկ Քարնին կդառնա Կանադայի նոր վարչապետը


Անգլիայի բանկի (2013-2020) և Կանադայի բանկի (2008-2013) նախկին ղեկավար Մարկ Քարնին ընտրվել է Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նոր ղեկավար։ Քվեարկության արդյունքներով նա ստացել է 85,9 տոկոս ձայն։

Քարնին վարչապետի պաշտոնում կփոխարինի Ջասթին Թրյուդոյին, որն այս տարվա հունվարին հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին։

Մարկ Քարնին հանդես է գալիս ավելի սերտ համագործակցությամբ Եվրոպայի և Ասիայի հետ՝ նվազեցնելու ԱՄՆ-ի հետ առևտրից կախվածությունը: Բացի այդ, լիբերալների նոր առաջնորդը խոստանում է տնտեսության հիմնարար բարեփոխում իրականացնել, որը ենթադրում է միջին խավի համար հարկերի, բյուրոկրատիայի կրճատում և նորարարությունների ու ներդրումների ակտիվ խթանում, պարզաբանում է dpa գործակալությունը։

Հաղթանակից հետո Քարնին խոսել է ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Կանադայի նկատմամբ հավակնությունների մասին, քննադատել է Կանադային տիրանալու նրա ձգտումը։ Այդ փորձը, Քարնիի խոսքով, պետք է հետ մղվի։

«Ամերիկացիներին պետք են մեր ռեսուրսները, մեր ջուրը, մեր հողը, մեր երկիրը: Եթե դա նրանց հաջողվեր, նրանք կկործանեին մեր ապրելակերպը»,- ասել է նա ու հավելել. «Ամերիկան ​​Կանադա չէ. Կանադան երբեք որևէ ձևաչափով Ամերիկայի մաս չի լինի»: