Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ հաշվի առնելով, որ Կանադան 25 տոկոսի մաքսատուրք է սահմանել Միացյալ Նահանգներին տրամադրվող էլեկտրաէներգիայի համար, Վաշինգտոնը կկրկնապատկի Կանադայի դեմ հայտարարված մաքսատուրքերը՝ դրանք հասցնելով 50 տոկոսի: Մաքսատուրքերը կտարածվեն ԱՄՆ ներմուծվող պողպատի ու ալյումինի վրա: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ որոշումն ուժի մեջ կմտնի վաղը:
Թրամփը նախազգուշացրել է՝ եթե Օտտավան չչեղարկի ԱՄՆ նկատմամբ սահմանափակումները, ապրիլի 2-ից զգալիորեն կբարձրացվեն ԱՄՆ մուտք գործող մեքենաների մաքսատուրքերը:
«Կանադան նաև շատ քիչ է վճարում ազգային անվտանգության համար՝ հույսը դնելով ԱՄՆ-ի ռազմական պաշտպանության վրա: Այսպես չի կարող շարունակվել»,- Truth Social-ում գրել է Սպիտակ տան ղեկավարը, հավելելով՝ միակ խելամիտ տարբերակն այն է, որ Կանադան դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը:
Թրամփի խոսքով՝ այդ դեպքում մաքսատուրքերը կչեղարկվեն, կանադացիների հարկերը զգալիորեն կնվազեն, սահմանային խնդիրները կլուծվեն:
«Նրանց փայլուն օրհներգը կշարունակի հնչել, բայց արդեն ՄԵԾ ԵՎ ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ կազմում»,- շեշտել է ԱՄՆ նախագահը: