Մարտի 9-ին Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի ունեցավ գեղեցիկ ցերեկույթ՝ «Պարատոն» փառատոնը։ Միջոցառման կազմակերպիչը Վաչիան պարային համույթի գեղարվեստական ղեկավար Նասլետ Քեյանն էր,իսկ միջոցառումը չէր իրականանան եթե չլինեյին Վաչիան գյուղի բարերար` Լյովա Մանուկյանը ով միշտ իր սիրելի գյուղի և գյուղացու կողքին է։
Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, աշուղ Ալիք Քսպոյանը և տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ։ Միջոցառման ընթացքում գյուղում հյուրընկալվել էին ավելի քան 15 մշակութային կոլեկտիվներ Ախալքալաքի շրջանի տարբեր գյուղերից, Դամալայից, Ախալցիխեից և Գյումրիից։
Հնչեցին հայկական և վրացական պարերգեր, իսկ խմբերը հանդես եկան անկրկնելի պարային կատարումներով։ Խմբի ղեկավարների խոսքերով, փառատոնը հաջողված էր, և եթե նման հնարավորություն ստեղծվի, նրանք պատրաստ են կրկին վերադառնալ։ Վաչիան պարային խմբի սաները նշում էին, որ ուրախ են բոլորին ընդունել իրենց փոքրիկ ընտանիքում և պատրաստ են ձեռք բերել նոր ընկերներ։
Նասլետ Քեյանի խոսքերով, փառատոնի նպատակը գյուղում մարդկանց մի հարկի տակ հավաքելն է, քանի որ, ըստ նրա, մարդիկ սովորաբար գնում են քաղաքներ, սակայն գյուղ բերելը մի փոքր ավելի բարդ է։ «Պարատոն» փառատոնը նախատեսվում է շարունակական, և այն կդառնա ամենամյա միջոցառում։