Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ զորքերի տեղակայման հնարավորությանը

Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ զորքերի տեղակայման հնարավորությանը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դեմ չէ, որ ԵՄ երկրներից խաղաղապահներ ուղարկվեն Ուկրաինա՝ հետևելու հրադադարի պահպանմանը, եթե այն հաստատվի։

«Եթե նրանք ցանկանում են դա անել, հիանալի է: Հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո դա լավ քայլ կլիներ: Գիտեմ, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, մյուսները խոսել են այդ մասին»,- ասել է ԱՄՆ ղեկավարը: Միաժանակ նա նշել է, որ  Ուկրաինայում ԱՄՆ խաղաղապահ զորակազմի ներկայության հարցն օրակարգային չէ, քանի որ Ամերիկան հեռու է Ուկրաինայից:

ԵՄ երկրների միջև դեռևս միասնական համաձայնություն չկա այս հարցում։ Ուկրաինայում զորքերի տեղակայմանը դեմ է Լեհաստանը: Այդ երկրի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը կարծում է, որ Ռուսաստանին սահմանակից ոչ մի երկիր չպետք է մասնակցի Ուկրաինայում հնարավոր խաղաղապահ առաքելությանը։ Նրա կարծիքով՝ դա ռիսկային է նման երկրների համար՝ սադրանքների վտանգի պատճառով:

ԱՄՆ նախագահը միաժամանակ հասկացրել է, որ չի պատրաստվում ամերիկյան զորքը դուրս բերել Եվրոպայից: Լրագրողի հարցին՝ արդյոք նա պատրաստ է «որպես Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի մաս դիտարկել ամերիկյան զորքերը Եվրոպայից հանելու հարցը», Թրամփը պատասխանել է՝ իրեն ոչ ոք չի խնդրել դա անել: