Ձյան առատ տեղումները խնդիրներ են ստեղծել Վրաստանի արևելյան Կախեթի շրջանի բնակիչների համար: Նրանց մի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի մատակարարման, սահմանափակումներ են մտցվել տրանսպորտային միջոցների համար:
Լրատվամիջոցների տվյալով՝ Թելավի կենտրոնական ճանապարհներն ամբողջ գիշեր մաքրել են ձյունից, սակայն վատ եղանակի պատճառով հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է:
Ավտոճանապարհների դեպարտամենտից էլ հայտնել են, որ տեղումների պատճառով Վազիանի-Գոմբորի-Թելավ ներպետական նշանակության ճանապարհի 36-64-րդ կմ հատվածում թույլատրվում է միայն բարձր անցանելիության տրանսպորտային միջոցների երթևեկությունը, այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակված է: Տեղում մոբիլիզացվել են տարածաշրջանի համապատասխան ծառայությունները, ճանապարհներին տեխնիկական աղ են ցանել։
Բաթումում էլ ձյան ծածկույթի բարձրությունը հասել է կես մետրի: Սա համարվում է անոմալ երևույթ տվյալ տարածաշրջանի համար։ Հաղորդվում է, որ քաղաքի որոշ շրջաններում դադարեցվել է գազամատակարարումը: